ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն


Տեղեկատվական կենտրոն

Հրապարակումներ

Ձեռքբերումները շատ են, անելիքները՝ նույնպես

04.02.2012

Ինչպիսի՞ն էր 2011-ը ՏԻՄ համակարգի համար

ՀՀ տարածքային համաչափ զարգացման առումով վերջին տարիներին մեծ ջանքեր են ներդրվում, իրականացվում են բազմաթիվ հավակնոտ ծրագրեր։ Դրանցից կարեւորագույնը, թերեւս, նոր-նոր է ձեւավորվում, սակայն կյանքի կոչվելով կդառնա այն սյունը, որի շուրջ կկազմակերպվի մարզի եւ համայնքի համաչափ զարգացումը։ Խոսքը տարածքների համաչափ զարգացման հիմնադրամի ստեղծման գաղափարի մասին է, որի միջոցները կուղղվեն համայնքային խնդիրների լուծմանը եւ բացառապես կտեղավորվեն համայնքների համաչափ զարգացման ընդհանուր տրամաբանության մեջ։ Ընդհանուր տրամադրվածությունը երկրի կառավարման համակարգում կա, եւ նախաձեռնողը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, լավատեսորեն է տրամադրված սույն գաղափարը կյանքի կոչելու առումով։
Իսկ մինչ հիմնադրամի կազմավորումը ՏԻՄ համակարգում կան դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում ստանում են իրենց լուծումը։ Դրա լավագույն ապացույցն են անցած 2011թ. իրականացված աշխատանքները եւ դրանց պտուղները, որոնց մասին երեկ ասուլիսում խոսեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։
Ամենացավոտ հարցի՝ համայնքային բյուջեների եկամտային մասի կատարման առումով 2011թ. արձանագրվել են զգալի ձեռքբերումներ, որոնք դրական ազդեցություն ունեն ՏԻՄ կողմից համայնքների բնակիչներին մատուցվող ծառայությունների քանակի եւ որակի վրա։
Վ. Տերտերյանը գոհունակությամբ նշեց, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքային իշխանություններին հաջողվել է համայնքային բյուջեների փաստացի մուտքի աճ. 2010թ. համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 13.6 տոկոսով կամ 11.4 մլրդ դրամով։ Հատկանշական է, որ աճ է ապահովվել նաեւ սեփական եկամուտների մասով. այն կազմում է 4.9 տոկոս կամ մոտ 1 մլրդ դրամ։ Այս առումով, սկսած 2007թ., ապահովվել է 7.6 մլրդ դրամի աճ։«Հանուն արդարության նշենք, որ 2011թ. համայնքների բյուջեների փաստացի եկամուտները նախատեսված են եղել մոտ 96.8 մլրդ դրամ, սակայն դրանք կազմել են ավելի քան 95.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.3 տոկոսը։ Սեփական եկամուտները կազմել են ընդհանուր եկամուտների 26.2 տոկոսը։ Նախատեսված 27.6 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են մոտ 25 մլրդ դրամ կամ նախատեսվածի 90.4 տոկոսը։ Խնդիրն այն է, որ նախատեսելով հավաքագրման ծավալները՝ մենք հաշվի էինք առել նաեւ մի քանի հիմնական համայնքներ, որտեղ կա հողի հարկի մեծ ռեսուրս։ Սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այդ համայնքներում նախատեսված ցուցանիշները չհաջողվեց ապահովվել",-ասաց Վ. Տերտերյանը։
Նա նաեւ ավելացրեց, որ այդուհանդերձ՝ համայնքային բյուջեների մուտքային մասի ավելացումը, նախորդ տարիների համեմատ, զգալի է։ Դրական արդյունքներ են արձանագրվել նաեւ աշխատավարձերի՝ նախկին տարիներին կուտակված պարտքերի մարման մասով։ Այսպես՝ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ձեւակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից 2012թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է մոտ 180 մլն դրամի պարտք։ 2011թ. պարտքի մարում է կատարվել ավելի քան 207 մլն դրամի չափով։
Լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ հողային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման եւ համայնքների ռեսուրսային հնարավորությունների ավելացման ուղղությամբ։ Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի հետ կապված՝ վերջին երկու տարիներին ի հայտ եկած խնդիրների կարգավորման նպատակով մշակվել է օրենսդրական փաթեթ, ինչի արդյունքում ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կօտարվեն միայն բաց աճուրդով՝ առանց որեւէ բացառության կամ ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ուղղակի վաճառքով։
"Օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ փոփոխություններ են իրականացվել նաեւ լեռնահանքային արդյունաբերության նպատակով օգտագործվող հողերի վարձավճարների առումով։ Դրանք զբաղեցնում էին մեծ մակերեսներ, սակայն այդ հողերի համար վճարվում էին համեմատաբար փոքր վարձավճարներ։ ՀՀ մարզպետարանների հետ քննարկումների արդյունքում որոշվեց ՀՀ համայնքներում լեռնահանքային արդյունաբերության նպատակով օգտագործվող հողերի 11,12,13,14,15 եւ 16 տարածագնահատման գոտիները 10-րդ գոտի տեղափոխել։ Դրա շնորհիվ հողամասերի վարձավճարները բավականին աճում են, ինչը նպաստում է համայնքների բյուջեների ձեւավորմանն ու համալրմանը։ 2011թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների արդյունքում 22 համայնքների բյուջեների եկամտային մասը կավելանա ավելի քան 322 մլն դրամով",- նշեց Վ. Տերտերյանը։
"Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին" ՀՀ օրենքի կիրարկման արդյունքում նվազել է տույժերի եւ տուգանքների ռեսուրսը։ Օրենքի ընդունմանը հաջորդող 3 տարիների ընթացքում ապահովվել է 2.8 մլրդ դրամի բյուջետային մուտք, իսկ արտոնությունից օգտվել է 129 հազար քաղաքացի։ Աշխատանքներ են տարվում հողի հարկի եւ գույքահարկի միասնական տեղեկատվական համակարգի շահագործման ուղղությամբ, որը տեղակայված է ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում։ Մոտ ապագայում շրջանառության մեջ դրվելիք օրենսդրական նախաձեռնություններից է նաեւ "Ֆինանսական համահարթեցման մասին" ՀՀ օրենքի նախագիծը։ Այս օրենսդրական նախաձեռնությանը ՀՀ կառավարությունը դրական է վերաբերվում, իսկ էությունն այն է, որ բոլոր այն համայնքները, որոնք ստանում են 3.5 մլն դրամից պակաս դոտացիա, նրանց համար դոտացիան կհամահարթեցվի՝ սահմանվելով 3.5 մլն դրամ։ Հարկային վարչարարության մասով մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք արդեն տվել են իրենց արդյունքները։ Բավականին մեծ քանակությամբ ապառքներ են հավաքագրվել ՏԻՄ համակարգում, ինչի արդյունքում ապառքների կուտակումը հասել է նվազագույնի. "2011թ. առաջին անգամ մենք իրականացրինք ՏԻՄ բյուջեների ծախսային մասի մոնիտորինգ։ Դա գերակայություն է նաեւ 2012թ. համար։ Նախատեսվում է ստեղծել մեթոդաբանական նոր բազա, որպեսզի ծախսերը լինեն ավելի նպատակային, ծրագրավորված եւ հրապարակային։ 2011թ. ֆոնդային բյուջեներից կատարվող ծախսերը կազմել են ավելի քան 7 մլրդ դրամ՝ ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի, այլ ենթակառուցվածքների վերանորոգման, մանկապարտեզների կառուցման համար։ Եթե նախկինում մենք ֆիքսում էինք, որ մանկապարտեզները փակվում են համայնքներում, ներկայումս ոչ միայն միջազգային ծրագրերի եւ բարերարների շնորհիվ, այլեւ համայնքների սեփական միջոցներով կարող ենք մանկապարտեզներ կառուցել։ 4-5 համայնքներ կան, որոնք նոր մանկապարտեզներ են կառուցել սեփական միջոցներով"։
Արդեն սկսվել է համայնքային նոր բյուջեների ծախսային մասի մոնիտորինգը, ինչն էական ազդեցություն կունենա բյուջեների ծախսային մասի կատարման տեսանկյունից։ Վարչատարածքային բարեփոխումների առումով՝ համայնքների ֆինանսական միջոցներն առավել օպտիմալ եւ նպատակային օգտագործելու եւ դրա արդյունքում սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունների արդյունավետ իրականացման նպատակով 2011թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ "Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգին հավանություն տալու մասին" արձանագրային որոշման նախագիծը.
"Սույն հայեցակարգի դրույթների իրականացման ընթացքում կունենանք մարդկային ռեսուրսների համախմբում, համայնքի կառավարման, ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում, ենթակառուցվածքների համախմբում եւ ենթակառուցվածքներով չապահովված համայնքների թվի նվազում։ Կավելանա օրենքով համայնքներին վերապահված լիազորությունների շրջանակը, հետագա ապակենտրոնացման համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ, կմեծանա համապետական ծրագրերի իրականացման հնարավորությունը, կստեղծվեն իրավական հիմքեր՝ տարածքային կազմակերպման եւ տարաբնակեցման համակարգի հավասարակշռված եւ բազմակենտրոն մոդելի ձեւավորման համար"։
Աշխատանքներ են իրականացվել նաեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու աշխատանքների եւ պարտականությունների կանոնակարգման, ինչպես նաեւ հակակշիռների եւ զսպման մեխանիզմների առումով։ Նոր օրենքներով հստակեցվել է քաղաքապետարանի եւ գյուղապետարանի աշխատակազմի կազմակերպա-իրավական ձեւը, այն է՝ աշխատակազմը ձեռք է բերում համայնքային կառավարչական համակարգի կարգավիճակ։ Մշակվել է "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծ՝ համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունների դադարեցման, համայնքի ղեկավարի պաշտոնանկության հիմքերի հետ կապված. "Կարելի է ասել, որ համայնքային ծառայողների ինստիտուտը գործում է։ Իհարկե, խնդիրներ կան, սակայն ավելի ու ավելի շատ համայնքային ծառայողներ տեր են կանգնում իրենց իրավունքներին եւ օգտվում օրենքով սահմանված երաշխիքներից։ Շատ հաճախ վկա ենք լինում դատական կարգով վեճերի լուծմանը"։

Ի՞նչ սպասել 2012-ից

Վ. Տերտերյանը նշեց, որ 2012թ. համար ՀՀ տարածքային կառավարման նախարարության գերակա խնդիրները երեքն են։ Առաջինը՝ պետք է ձեւավորվի ՏԻՄ կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանություն. ասել է թե՝ ծախսերը պետք է դասակարգվեն ըստ ծրագրերի, եւ պետք է վերահսկվի այդ ծրագրերի իրականացումը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել ՏԻՄ կողմից իրականացվող ծախսերը եւ օբյեկտիվ կարիքները եւ դրա հիման վրա, ըստ համայնքների մեծության, մշակել ծախսային կառուցվածքների տիպաբանություն։ Բացի այդ՝ պետք է նվազագույն չափի մասով վերանայել պետական բյուջեից համայնքներին հատկացվող դոտացիաների սահմանված չափորոշիչները։
"Երկրորդ գերակա ուղղությունը գործարար միջավայրի բարելավմանն ուղղված՝ ՏԻՄ մարմիններ-գործարար հարաբերությունների պարզեցումն է, հստակեցումը եւ գործող ընթացակարգի բարելավումը։ Անհրաժեշտ է վերհանել օրենսդրական այն դրույթները, որոնք կարգավորում են այդ հարաբերությունները, ներկայացնել առաջարկություններ՝ ՏԻՄ-գործարար հարկային վարչարարության ոլորտի բարելավման վերաբերյալ՝ տեղական հարկերի մասով։ Առաջարկությունները պետք է ներառեն նաեւ այդ հարաբերությունների շրջանակներում ՏԻՄ-ից վարչական կախվածության գործոնը էապես նվազեցնելու կամ պարզեցնելու ուղղությունները",- ասաց Վ. Տերտերյանը։
Երրորդ ուղղությունը վերաբերում է տարածքային զարգացման հայեցակարգից բխող նոր գործիքների ձեւավորմանը։ Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանության ամբողջացման տեղեկատվական բազայի համալրման մասով, հաշվարկել տարածքներում պետական բյուջեի եւ այլ միջոցների հաշվին կատարվող ներդրումների արդյունավետությունը։ Այս ամենի հետ՝ գնահատել մարզային զարգացման ծրագրերի իրականացման ընթացիկ եւ տարեկան արդյունքները եւ հաշվարկել աղքատության նվազման վրա այդ գնահատականների ազդեցությունը։
Եզրափակելով՝ կարելի է նշել, որ 2012թ. կշարունակվեն 2011թ. իրականացված աշխատանքները։

 

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

04-02-2012

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Կարող եք զանգահարել

51-13-62

Բաժանորդագրում նորություններին