Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն


Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն այցելեց Թալինի տարածաշրջան

28.08.2012

Մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում:

Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երեք փուլերով հատկացվել է շուրջ 2, 2 մլրդ դրամ: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կատարվել են 90,3 տոկոսով, ընթացքի մեջ է երրորդ փուլը, որով կիրականացվի դպրոցների, մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքների, համայնքային նշանակության այլ կառույցների նորոգման 41 ծրագիր մարզի 34 համայնքում:

Մինչ մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ տեղերում կատարված աշխատանքներին ծանոթանալը` Թալինի նորընտիր քաղաքապետ Ս. Արամյանը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքի, համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ: Նշվեց, որ առաջիկայում նորընտիր ավագանին ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը, եւ ՏԻ մարմինները կսկսեն իրենց բնականոն գործունեությունը:

Թալինի տարածաշրջանում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ դպրոցների շենքեր են վերանորոգվում: Թալին քաղաքի շենքերի տանիքների նորոգման համար ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով 92,3 մլն դրամ է հատկացվել: Ընդհանուր առմամբ ծրագրով կվերանորոգվեն մեկ տասնյակից ավելի շենքերի տանիքներ:

Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ մի շարք համայնքներում դպրոցների նորոգման աշխատանքների ընթացքին: Դաշտադեմ համայնքում ծրագրի երրորդ փուլով 30 մլն դրամ է հատկացված դպրոցի վերանորոգման համար, Կաթնաղբյուր համայնքում նույն նպատակի համար 40,1 մլն դրամ է նախատեսվել: Պատասխանատուները զեկուցեցին, որ արդեն կատարվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը եւ վստահեցրին, որ աշխատանքները չեն խանգարի ուսումնական գործընթացին ու մինչեւ հոկտեմբերի կեսերը կավարտվեն: Փոխվարչապետը շրջայց կատարեց նաեւ համայնքի մշակույթի տանը, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են ծրագրի երկրորդ փուլով հատկացված 17,4 մլն դրամով:

Արուճ համայնքում դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, եւ նոր ուսումնական տարին աշակերտներն արդեն կդիմավորեն բարեկարգ դպրոցում: Աշխատանքներն իրականացվել են երկրորդ փուլով նախատեսված 61,3 դրամով:

Փոխվարչապետին զեկուցվեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում կավարտվեն: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորեց ուշադրություն դարձնել հատկապես կատարվող աշխատանքների որակին` ընդգծելով դրա կարեւորությունը ծրագրի հետագա շարունակության տեսանկյունից:

Այս համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը փոխվարչապետին ներկայացվեցին ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր, նշվեց, որ սակավաջուր տարին այդ առումով որոշակի դժվարություններ է ստեղծել: Ա. Գեւորգյանը բնակիչներին պարզաբանումներ ներկայացրեց ոռոգման սակագնի ձեւավորման տրամաբանության, ՋՕԸ-երի գործունեության, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ կառավարության ծրագրերի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ "Թալին" ՋՕԸ-ի ներկայացուցիչները կայցելեն համայնքներ` տեղում իրավիճակը քննարկելու եւ գործնական լուծումներ առաջարկելու համար:

Արուճ համայնքում բնակիչները բարձրացրեցին խմելու ջրի խնդիրը: Իրավիճակին տեղում ծանոթանալու եւ խնդրի լուծման տարբերակներ գտնելու համար համայնք կայցելեն "Հայջրմուղկոյուղի" ընկերության մասնագետները:

Փոխվարչապետը նաեւ Արտենիի եւ Արագածավանի գյուղապետերի հետ քննարկեց համայնքներում առկա խնդիրները: Մասնավորապես համայնքների համար առաջնային են խմելու ջրամատակարարման, գազիֆիկացման, ինչպես նաեւ Քարակերտ-Գետափ ճանապարհահատվածի վերանորոգման հարցերը: Փոխվարչապետը նշեց, որ այդ խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են եւ դիտարկվում են տարբեր ծրագրերում ներառելու հնարավորությունները:

Այցի շրջանակում փոխվարչապետը եղավ նաեւ Արագածավան համայնքում գտնվող երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարանում, ծանոթացավ արտադրական հզորություններին: Գործարանն արտադրում է ներտնտեսային ոռոգման ցանցի համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ, որոնք օգտագործվում են

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող "Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով" ենթակառուցվածքների վերականգնման համար: Ծրագրով մոտ 63կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքներ կվերականգնվեն Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Կարող եք զանգահարել

51-13-62

Բաժանորդագրում նորություններին