Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն


Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

20.06.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն ավարտում է առաքելությունը եւ այդ պաշտոնում նրան փոխարինելու է Հենրի Քերալին:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտեց Ասադ Ալամին` սերտ եւ արդյունավետ համագործակցության համար` մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նորանշանակ տնօրենին նա շնորհավորեց պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ փոխշահավետ աշխատանքը կշարունակվի:

Փոխվարչապետը նկատեց, որ վերջին տարիներին ՀԲ աջակցությամբ իրականացված բոլոր ծրագրերն արդյունավետ էին եւ օգտակար: Նա հատկապես կարեւոր համարեց, որ դրանք հիմնականում ուղղված էին մարզերում, համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը եւ ընդգրկում էին կենսական նշանակության ոլորտներ` ոռոգման, խմելու ջրի համակարգերի վերականգնում, առողջապահական եւ սոցիալական այլ ենթակառուցվածքների արդիականացում, ճանապարհների վերակառուցում, արոտավայրերի բարելավում եւ այլն:
Նա նաեւ մարզպետների, համայնքների ղեկավարների անունից շնորհակալություն հայտնեց արդյունավետ ծրագրերի իրականացման համար:

Ասադ Ալամը եւս գոհունակություն հայտնեց համատեղ աշխատանքից` նկատելով, որ Հայաստանում իրականացված ծրագրերը մշտապես դրական գնահատականի են արժանացել եւ որպես օրինակ ներկայացվել: Նա նշեց, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով, իսկ երկրին առաջընթաց զարգացում է մաղթում:

Հենրի Քերալին իր հերթին վստահեցրեց, որ գործակցության բարձր մակարդակը կպահպանվի եւ Հայաստանի նոր կառավարության հետ արդյունավետ համագործակցությունն ու զարգացմանն ուղղված ծրագրերը կշարունակվեն:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Կարող եք զանգահարել

51-13-62

Բաժանորդագրում նորություններին