Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն


Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն այցելեց Արարատի մարզ

19.06.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն անցկացրեց Լուսառատի համայնքապետարանում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, տարածքային կառավարման, քաղաքաշինության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների, Լուսառատի եւ Փոքր Վեդիի համայնքապետերի մասնակցությամբ քննարկվեցին "Քաղաքատեղի Արտաշատ" հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու սահմանների ճշգրտմանը, այդ տարածքում գտնվող գյուղնշանակության հողերի օգտագործմանն առնչվող հարցեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պահպանական գոտում գտնվող գյուղնշանակության հողատարածքների սեփականատերերի կողմից գործունեության տեսակը փոխելու մտադրության դեպքում այդ մասին գյուղապետերի միջոցով կտեղեկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը` մասնագետների հետ հարցն ուսումնասիրելու եւ պատմահնագիտական տարածքի հնարավոր վնասումը կանխելու համար:

Անդրադարձ եղավ նաեւ համայնքների գերեզմանատան խնդրին: Քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվեց համայնքապետերի հետ քննարկել այդ նպատակով նոր տարածքի հատկացման հարցը:

Հյուրերը նաեւ շրջայց կատարեցին պահպանական գոտու տարածքում, այցելեցին պեղումների վայր:

Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց Արարատի մարզպետարան, որտեղ մարզպետ Է. Բարսեղյանի հետ քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ավարտին եւ երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Նշվեց, որ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Երրորդ փուլով մարզին հատկացված 1,3 մլրդ դրամը հիմնականում կուղղվի դպրոցների, մշակույթի տների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ջրագծերի կառուցմանը, գազիֆիկացման աշխատանքներին:

Քննարկվեցին նաեւ համայնքային եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող եւ մի շարք այլ հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Կարող եք զանգահարել

51-13-62

Բաժանորդագրում նորություններին