Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջին անգամ անցկացվեց Թրաֆիքինգի դեմ պայքարի լրագրողական մրցույթ
03.05.2012
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, պաշտոնատար այլ անձինք, հրավիրյալներ:
Մրցույթը հայտարարվել էր ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից: Այն անցկացվում է առաջին անգամ եւ կդառնա ամենամյա: Մրցույթի նպատակն է խրախուսել թրաֆիքինգ երեւույթի եւ դրա դեմ պայքարի լուսաբանումն ու հանրությանը տեղեկացնել այդ երեւույթի, դրա դրսեւորումների, ինչպես նաեւ դրա դեմ տարվող պայքարի մասին:
"Այս հարցում մենք գործընկեր ենք համարում լրատվամիջոցներին եւ կարեւորում ենք նրանց կողմից հանրության իրազեկման աշխատանքները:
Մենք հուսով ենք, որ լրատվամիջոցները կընդունեն համագործակցության այս առաջարկը",-իր խոսքում նշեց Արմեն Գեւորգյանը` ներկաներին շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, մասնավորապես` ԱՄՆ դեսպանատանն ու ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երեւանյան գրասենյակին` մրցանակաբաշխության համար անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու համար, ինչպես նաեւ ժյուրիին` կատարած աշխատանքի համար:
Խորհրդի նախագահն այնուհետեւ հավաստագրեր հանձնեց հաղթողներին: "Հեռուստատեսություն եւ ռադիո" անվանակարգում առաջին տեղին արժանացավ Արզուման Հարությունյանը` "Արմենիա" հեռուստատեսությամբ ցուցադրված սոցիալական հոլովակաշարի համար: Երրորդ տեղը շնորհվեց Սիրանուշ Մուրադյանին` "Երկիր մեդիա" հեռուստաընկերությամբ ցուցադրված «Ճորտերը» ռեպորտաժի համար: Այդ անվանակարգում թափուր է մնացել երկրորդ տեղը:
Մասնագիտական ժյուրին մրցանակային տեղեր չի շնորհել "Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ" անվանակարգում: Փոխարենը ժյուրին որոշել էր դիմել խորհրդին` առաջարկելով քննարկել "Հետք" պարբերականին խրախուսական մրցանակ շնորհելու հնարավորությունը` տարիներ շարունակ թեմային հետեւողականորեն անդրադառնալու համար: Խորհուրդն ընդունել է ժյուրիի առաջարկը:
Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին մրցանակային ոչ մի տեղ թափուր չի մնա եւ լրագրողներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն թեմային:
Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր 2012թ. մարտին` 2011 թվականի ընթացքում հրապարակված եւ հեռարձակված նյութերի համար: Այն անցկացվել է երկու անվանակարգով`"Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ" եւ "Հեռուստատեսություն եւ ռադիո":
Անկախ մասնագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկված էին լրագրողական հինգ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ թրաֆիքինգի հարցով երկու փորձագետ, ներկայացված ավելի քան մեկ տասնյակ աշխատանքներից էր ընտրել լավագույնները:
Մրցանակային տեղերի համար սահմանված է նաեւ դրամական պարգեւ` առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար համապատասխանաբար 300, 200 եւ 100 հազարական դրամ:
Հասարակայնության հետ կապերի բաժին




